ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 19-ին անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերը ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով, սպաներով ու ենթասպաներով համալրելու աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմաքաղաքական առկա իրավիճակի պայմաններում կարևորել է խառը սկզբունքով զինված ուժերի համալրման և, մասնավորապես, պրոֆեսիոնալ կազմի ներկայությունն ընդլայնելու գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ նոր, առավել թիրախային ու արդյունավետ ծրագրերի մշակումը՝ զինված ուժերի առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:
Քննարկման ընթացքում զինված ուժերը պայմանագրային կազմով համալրելու, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և արտերկրում ռազմական կադրերի, զորամասերում կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստման ընթացքի, կազմակերպչական հաստիքային աշխատանքների, դրանց հետ կապված խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ զեկույցներ և պարզաբանումներ են ներկայացրել ՊՆ, ԶՈՒ, ԶՈւ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Ծավալուն անդրադարձ է կատարվել զինվորական ծառայության գրավչության ապահովման արդի տարրերին, պայմանագրային զինծառայողների պատրաստման և ուսուցման, նրանց աշխատավարձերի բարձրացման և սոցիալական նոր երաշխիքների ապահովման հարցերին, որոնց կապակցությամբ Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները: