Սահմանին իրավիճակը զինված ուժերի ղեկավարության համար միշտ էլ վերահսկելի է եղել՝ չնայած, որ երբեմն այն լինում է լարված: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այս պահին սահմանին տիրող իրավիճակին:

 

«Սահմանային իրավիճակը զինված ուժերի ղեկավարության, ենթակա զորամասերի հրամանատարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարության համար միշտ էլ վերահսկելի է եղել՝ թեկուզ այն լինում է լարված, կամ քիչ թուլանում է լարվածությունը: Այսօր միջին լարվածություն է, և վերահսկվում է զորամասերի հրամանատարների կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նախարարը:

 

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ 2014թ. իրադրությունը ցույց տվեց, որ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են արձագանքել ցանկացած իրավիճակի և սառնասիրտ որոշումներ կայացնել: «Եվ կարող ենք ոչ միայն պաշտպանողական խնդիրներ իրականացնել, այլ նաև որոշ դեպքերում, կանխարգելիչ պարտադրող քայլեր, որոնք զսպման մեխանիզմ են հանդիսանում հակառակորդի համար»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: