ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է հայկական հերթապահ ստորաբաժանումների և զինվորների մարտական բարձր պատրաստականության շնորհիվ: Այս մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարելով, նախարարը, մասնավորապես, նշեց. «Իհարկե, մեզ համար տեսանելի է այն, որ տարվա սկզբին' հունվարի կեսերին, լարվածություն կար սահմանին, և այդ իրավիճակում ադրբեջանցիների կողմից լարվածության աստիճանը հասցվել էր առավելագույնի. նրանք տասն անգամ ավելացրել էին կրակահերթերի և դիպուկահարների կրակոցների թիվը: Բայց, միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ տարվա սկիզբ էր, ու մեզ համար էլ ուսումնական տարվա յուրաքանչյուր սկիզբ առանձնահատուկ է իր մարտական պատրաստականության պարապմունքներով: Զորքերը տագնապի կամ հավաքի ազդանշաններով բերվում են որոշակի վիճակի, և նաև ճշգրտվում են խնդիրները առաջին գծում: Նույն իրավիճակում են նաև ադրբեջանական զինված ուժերը, որոնք մարտական պատրաստականության պարապմունքներ են անցկացնում. դրանք թե' պլանային են, թե հանկարծակի' ուղղված այն բանին, որ ստուգեն, արդյոք, առաջնային ստորաբաժանումները կարողանում են իրենց առջև դրված խնդիրները կատարել»:

 

Սեյրան Օհանյանը հավելեց, որ նույն խնդիրներն իր առջև ունի նաև հայկական կողմը: «Մենք պետք է հանգիստ լինենք, որ մեր զինծառայողները վերահսկում են իրավիճակը սահմանին: Վերջին ժամանակաշրջանում մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում ինժեներական կառույցների կառարելագործմանը և, մանավանդ, դրանց յուրացմանը, մեր զինավարժությունների 30 տոկոսն անցկացվում են այն վայրերում, որտեղ մենք պետք է պաշտպանական կռիվներ անցկացնենք»,- ասաց նախարարը: