Թեև ադրբեջանական կողմը սահմանին սկսել է հեռահար միջոցներ, ականանետեր կիրառել, հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին: Այս մասին գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդը սկսել է ականանետեր կիրառել։ Դա անպատասխան չի մնում, պատժվում է: Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում։ Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները: Իրավիճակը սահմանին վերահսկելի է»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով հայկական զինված ուժերի կայացման գործում Գուրգեն Դարիբալթայանի ունեցած ավանդին' նախարարն ընդգծեց, որ նա հավասարակշված անձնավորություն էր և լավագույն կերպով տիրապետում էր իր մասնագիտությանը: «Նա այն մարդկանցից էր, ովքեր ունեն փորձ ու անգամ դժվարագույն իրադրությունների ժամանակ չեն կորցնում իրենց, հավասարակշռված, սառնասիրտ կերպով պլանավորում են իրենց գործողություններն ու իրականացնում»,- ընդծեց Օհանյանը: