Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել, ապացուցում է, որ այդ երկիրը բացառում է վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը: Այս մասին Երևանի պետական բժշկական համալսարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Նրանք հրաժարվում են հետ քաշել դիպուկահարներին, զերծ մնալ կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից և միջազգային հետաքննություն իրականացնելուց: Ամեն անգամ այս խախտումները միջազգային ասպարեզում հենց այնպես անցնում են, միայն վերլուծության արդյունք են դառնում ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության համար, ովքեր ինքնուրույն արդեն այդ իրավիճակում պատժելու միջոցառումներ են իրականացնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նա վստահեցրեց, որ հայ զինվորի մահվան դեպքը ԼՂՀ բանակի կողմից անպատիժ չի մնա: «Սա արդյունքն է նրա, որ հակառակորդը բոլոր միջազգային հանդիպումների, միջոցառումների ժամանակ փորձում է խախտել զինադադարն ու լարվածություն ստեղծել սահմանին: Աննպատակ ու անպատասխանատու վերաբերմունքի պատճառով է, որ մենք երկուստեք կորուստներ ենք ունենում: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքը չափազանց թանկ է, այդ նրանք են, որ չեն գնահատում իրենց զինվորներին»,- ընդգծեց նախարարը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: