«Ընդամենը հինգ օր առաջ, երբ Եռաբլուրի սրբազան բարձունքում ամփոփում էինք Առաջին հանրապետության պաշտպաններից զորավար Սեպուհի աճյունասափորը, կարծում եմ՝ պարզ էր, որ մենք հաստատակամ ենք հայրենիք վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր ընկան Հայաստանի ազատության ճանապարհին և խոսքը, բնականաբար, առաջին հերթին վերաբերում էր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի միջդիրքային տարածությունում գտնվող մեր երեք զինվորական օդաչուների աճյուններին»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, զոհված օդաչուների հուղարկավորության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ նոյեմբերի լույս 22-ի գիշերը դարձավ այդ հաստատակամության ևս մեկ առհավատչյան:

 

«Խոնարհվելով իրենց զինվորական պարտքը մինչև վերջ կատարած օդաչուների պայծառ հիշատակի առջև և հայկական բանակի ողջ անձնակազմի անունից իմ խորին ցավակցությունը հայտնելով նրանց հարազատներին՝ միաժամանակ շնորհակալությունս եմ հայտնում աճյունների փրկության նպատակով իրականացված հատուկ գործողության բոլոր մասնակիցներին, այն մշակողներին և իրականացման օժանդակողներին: Այդ նրանք էին, որ իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը և միջդիրքային տարածությունից հայրենի հող վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին: Այդ նրանք էին, որ ևս մեկ անգամ ու այնքան փայլուն կերպով վերահաստատեցին նենգության, պարտված զավթիչի անզոր կատաղության դեմ հայկական բանակի հաղթական գերազանցությունը:

 

Ուղղաթիռի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի, օդաչուներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի զոհվելն Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսևորումն է»,- ասաց նախարարը:

 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հակառակորդն այսօր հատուցում է իր բոլոր անհեռատես ու չհաշվարկված քայլերի համար:

 

«Մեր զոհված ընկերները և նաև մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից»,- ասաց նա: