Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Արարատի մարզի Արարատ գյուղում մասնակցել է պայմանագրային զինծառայող շարքային Բորիս Բենիկի Գասպարյանի հոգեհանգստի արարողությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, փոխնախարար Արա Նազարյանը, բանակի բարձրաստիճան հրամանատարներ ու սպաներ։

 

Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

 

Միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվել էր, որ Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների: «ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում' իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

 

Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակո ւթյունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների' արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ-նշվել էր հաղորդագրության մեջ: