«Խոսելով հրամանատարի հետ՝ մենք իմացանք հետևյալը, որ Ադրբեջանի Հանրապետության պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և մարդասիրական նորմերի համաձայն ուղղաթիռի և՛ խոցումը, և՛ խոցումից հետո համապատասխան միջոցառումների կատարումից հրաժարվելը, ստիպել է ՊԲ ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի դին և մասունքները հատուկ գործողության միջոցով վերադարձնելուն:
«Զինծառայողների հմուտ գործողությունների արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին և մյուսների մասունքները և նաև հետագայում ճիշտ հետաքննություն անցկացնելու համար ուղղաթիռի կարևոր մասերից մի քանիսը»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այդ ընթացքում հակառակորդի կողմից կազմակերպված ծուղակն ամբողջովին ոչնչացվել է Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից:
«Իհարկե, ցավալի երևույթ էր, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին, որոնք ուղղված պետք է լինեն զոհված օդաչուների հարազատներին, նաև մենք պետք է հպարտանանք ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, ովքեր իրենց առջև դրված այդ բարդ խնդիրը պատվով են կատարել»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչպիսին կլինեն հայկական կողմի հետագա քայլերը, Սեյրան Օհանյանը պատասխանելով՝ ասաց. «Պատասխան քայլերը, համապատասխան սադրանքներ, եթե լինեն, միշտ լինելու են: Ցանկացած այսպիսի իրադրության ժամանակ մինիմում համաչափ պատժել հակառակորդին լինելու է: Այս պարագայում առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը, դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, բայց դրանք ուղղված են լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել հրադադարը: Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, դավադրություններ կազմակերպել, պարզապես մենք արժանի, մի քիչ էլ ավելի խիստ պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի»,- եզրափակելով իր խոսքը՝ ասաց նա: