ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում կազմակերպելու շուրջ բարձրացված աղմուկին՝ նշելով, որ հանձնարարել է ճշտել, թե ինչ ֆորում է, ով է կազմակերպում, ինչի համար:
«Ինձ համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է: Էստեղ որեւէ կասկած չկա, բայց ես ուզում եմ մի դեպք պատմել. Վերջերս Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, մի տղա սուրճը բերեց, ասաց՝ վա՜յ, բարեւ Ձեզ, պարոն վարչապետ: Պարզվեց՝ հայ էր, Հայաստանի մարզկենտրոններից մեկի բնակիչ: Մարզի անունը չեմ ասում, որ տեղի ժողովուրդը չնեղանա: Ասացի՝ հեղափոխություն է եղել, ներգաղթի մասին չե՞ս մտածում: Ասաց՝ հազիվ եմ փախել Հայաստանից, հիմա այստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը էլի մեր քաղաքից է: Ես սա ինչի՞ համար եմ ասում. կարծում եմ, որ այս խնդիրը քննարկելիս, բացի մեր վերաբերմունքը արտահայտելը, հասկանանք՝ սա մեզ համար խնդիր է, թե՝ ոչ»,-ասաց Փաշինյանը: