«Անկեղծ ասած՝ ես հանգուցալուծումը չեմ տեսնում: Այն տարբերակները, որ քննարկվում են, դրան և′ Արցախի ժողովուրդը, և′ Ադրբեջանի ժողովուրդը դեմ են, ես չեմ պատկերացնում, թե ինչ կարգավորումներ կարող են լինել և ինչպիսի ընդհանուր հայտարար կարող է լինել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Բոլթոնի այն հայտարարությանը, թե Փաշինյանի ընտրվելու դեպքում ԼՂ հարցում կարող է դրական ճեղք լինել։
Բաղդասարյանի խոսքով՝ պետք է բաց տեսքով խոսել, թե ինչ պայամաններում է այդ հանգուցալուծումը սպասվում։
«Չեմ կարծում, որ ընտրությունների արդյունքները կարող են օգտակար կամ խանգարող հանգամանք լինել այդ հարցի կարգավորման համար»,-ասաց Բաղդասարյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ խոշոր կոռուպցիայի մեջ մեղադրվող պատգամավոր կա, Բաղդասարյանը պատասխանեց․
«Եթե վարչապետը նման հայտարարություններ անում է, պետք է բոլոր անունները տա, դա նախաքննական գաղտնիք է, և որևէ մեկը իրավունք չունի նման հայտարարություններ անել: Ես չեմ կարող որևէ եզրակացություն անել»։
Հարցին՝ այնուամենայնիվ՝ բացառո՞ւմ է, որ իրենց խմբակցությունից կլինի այդ պատգամնավորը՝ նա ասաց․ «Ես հանելուկներով չեմ խոսում»։
Անդրադառնալով ընտություններին իրենց մասնակցության հարցին, նա ասաց, որ առաջիկայում իրենք կհայտարարեն այդ մասին։
Դիտարկմանը՝ թե հնարավո՞ր է, որ ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակը Սերժ Սարգսյանը գլխավորի՝ Բաղդասարյանը պատասխանեց․ «Որևէ բան դեռ չենք կարող ասել, առաջիկա օրերին ամեն բան կիմացվի»։