Հոկտեմբերի 17-ին Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված զույգ երեխաների են հայտնաբերել հաստատության աշխատակիցները: Լուրը մեծ աղմուկ առաջացրեց թե՛ համացանցում, և թե՛ դրա տիրույթից դուրս: Մինչ հասարակության մի մասը քննադատում էր 18-ամյա ծնողի նմանօրինակ քայլը, մյուս մասը սկսեց խոսել երեխաների մորը բնակարանով, աշխատանքով և մասնագիտությամբ ապահովելու մասին, քանի որ դեռատի միայնակ մայրն իր արարքը բացատրել էր նրանով, որ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում և չի կարող երեխաների համար կեցության պայմաններ ապահովել։
Մինչդեռ ԼՈՒՐԵՐ.com-ին ուշագրավ տեղեկություններ հայտնի դարձան զույգ երեխաներին թողած մոր մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ զույգ երեխաների 18-ամյա մայրը՝ Մարիամը, թեթև վարքի տեր աղջիկ է: Նրա նոր զուգընկերը մոտ 30-35 տարեկան երիտասարդ է, որը ծննդաբերությունից հետո Մարիամին ու երեխաներին ապահովել է սննդով և հագուստով՝ խոստանալով առանձին բնակարանում շարունակել կյանքը, սակայն առանց երեխաների, որոնք իրենը չեն:
Մասիսի ԲԿ-ի Մանկաբարձագինեկոլոգիական բաժնի վարիչ Անուշ Կարապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունները, որ Մարիամին պարբերաբար մի տղամարդ էր այցելում և հագուստ ու սնունդ բերում:
Բաժնի վարիչի խոսքով՝ Մարիամը շատ ուշադիր է եղել երեխաների հանդեպ. «Ես, ճիշտն ասած, զարմացա, որ տեղեկացա՝ իր երեխաներին տարել և թողել է Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում: Նա այնքա՜ն լավ էր նայում նրանց. կերակրում էր, սոված չէր թողնում: Մարիամի զուգընկերն է հենց իրեն բերել հիվանդանոց՝ ծննդաբերության: Նա մոտ 30-35 տարեկան կլիներ: Ճիշտ է, այդ երեխաները բոլորովին այլ տղամարդուց են և Մարիամին այցելող տղամարդն այդ երեխաների հայրը չէ»,- մանրամասնեց Անուշ Կարապետյանը:
Այն ճշտող հարցին, թե սեփական երեխաներին Գյումրու գիշերօթիկ հաստատությունում թողնելուց հետո զրուցե՞լ է արդյոք Մարիամի հետ, բժշկուհին պատասխանեց՝ «Այո՛, սակայն այդ թեմայով չեմ խոսել իր հետ: Սակավարյունության մասով բուժում էր նշանակել բժկուհին, և պետք է Մարիամը գար մեզ մոտ, սակայն այդպես էլ չի ներկայացել»:
Նշենք, որ Մարիամը բնակվում է Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի Այգեգործական ընկերության տարածքի ամառանոցներից մեկում, որը մոտ է Մասիս քաղաքին, այդ իսկ պատճառով էլ վերջինս ծննդաբերել է Մասիսի բժշկական հաստատությունում:
Արմինե Միքայելյան