Պետական եկամուտների կոմիտեն իրականացրած հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Ես սա շատ կարևոր փաստ եմ համարում, որովհետև պետք է ընդունենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի և գործարար միջավայրի հարաբերությունները բավական անկայուն և լարված էին: Եվ ես այս հավաքագրումներն ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ ՊԵԿ-ը, Կառավարությունը, գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, բոլոր հիմքերը կան ասելու՝ երկխոսության նոր փուլ է սկսվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում: Հասկանում են, որ  հակամարտության ռեժիմը պետք է փոխարինել համագործակցության ռեժիմով:

 

Կառավարության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որ հարկատուները հնարավորինս շատ եկամուտներ ստանան, շատ հարկեր վճարելու հեռանկարով: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Կառավարությունը դա անում է, սակայն հարկատուն պատրա՞ստ է շատ եկամուտ ստանալու միջավայրում հնարավորինս շատ հարկ վճարելու պայմանին:

«Եթե պատրաստ է, ապա մենք իսկապես շրջադարձային կերպով փոխում ենք մեր երկրի ճակատագիրը»,-հավելեց նա: