Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակչությունը 2015 թվականի փետրվարին գերազանցել Է նախորդ ռեկորդային նշագիծը, որը գրանցվել Է 1939 թվականին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Մեծ Լոնդոնի վարչության տվյալները, որոնք հրապարակվել են փետրվարի 2-ին:
Bloomberg գործակալությունը նշում Է, որ այժմ Լոնդոնում բնակվում Է շուրջ 8,63 միլիոն մարդ: Քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը բնակչության թվաքանակի բումը բացատրում Է հանցավորության ցածր մակարդակով, գերազանց տնտեսական իրադրությամբ եւ կանաչի առատությամբ:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչների թվաքանակի նախորդ բարձրակետը կազմել Է 8,615 միլիոն: Քաղաքի բնակչությունը նվազել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից, կրճատումն ուժեղացել Է «Լոնդոնյան բլիցի»՝ 1940 – 1941 թվականների ռմբակոծումների ժամանակ: Քաղաքացիների արտահոսի երկրորդ ալիքը կապված Էր 1960 – 1970-ական թվականների տնտեսական անկման հետ, իսկ 1988 թվականին Լոնդոնում բնակվում Էր 6,7 միլիոն մարդ:
Փարիզը եւ Բեռլինն այդպես Էլ չեն գերազանցել բնակչության նախապատերազմյան ռեկորդները:
2030-ական թվականների կեսերին Լոնդոնի բնակչության թվաքանակն, ինչպես սպասվում Է, կհասնի 10 միլիոնի, 2050 թվականին՝ կգերազանցի 11 միլիոնը:
Փորձագետները նախազգուշացնում են, որ բնակչության աճը կապված Է Էական հիմնախնդիրների հետ, ներառյալ տրանսպորտային եւ պաշարային հիմնախնդիրները: London First խմբի գնահատումներով՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ծառայությունների պահանջարկը 2036 թվականին կմեծանա 50 տոկոսով:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ամեն տարի լոնդոնցիներին եւ քաղաքի հյուրերին պահանջվում են շուրջ 50 հազար նոր բնակարան եւ տուն, սակայն շինարարության իրական ծավալները կազմում են այս ցուցանիշի կեսից պակասը: London Frist-ից Դեւիդ Լուտոնի խոսքով՝ մատչելի բնակարանի պակասությունը «լուրջ հիմնախնդիր Է դառնում ձեռնարկությունների համար». ընկերությունները կորցնում են որակյալ աշխատողներին, որոնք գերադասում են այլ տեղ գտնել իրենց համար:
Լոնդոնում առաջին մարդահամարն անցկացվել Է 1801 թվականին, այն ժամանակ Բրիտանական կայսրության մայրաքաղաքում բնակվել Է մեկ միլիոնից փոքր-ինչ ավելի մարդ, սակայն 1901 թվականին լոնդոնցիների թիվն արդեն եղել Է 6,5 միլիոն: