ԱՊՀ երկրների վարչապետները Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած նիստի շրջանակներում 18 փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության մասին: Դրանց թվում է միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության ստեղծման դեպքում փոխօգնության մասին համաձայնագիրը:
Մյուս փաստաթղթերը վերաբերում են համագործակցությանը էներգետիկական մեքենաշինության, տեղեկատվության փոխանակման, թափոնների վերամշակման, հումանիտար հարցերի, մտավոր սեփականության եւ շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում: ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհուրդը որոշում է ընդունել հատկացումներ անել 2019 թվականին հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծմանն ու զարգացմանը: Նաեւ համաձայնագիր է ստորագրվել տիեզերքի հետազոտման ասպարեզում համատեղ աշխատանքի վերաբերյալ: Կողմերը համաձայնեցրել են ԱՊՀ-ի մարմինների 2019-2020 թվականների միասնական բյուջեն, համագործակցության աշխատանքը կարգավորող ֆինանսական ու իրավաբանական մյուս փաստաթղթերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: