Ինչպես արդեն հայտնի է, խորհրդարանն օրենքի ուժով լուծարվեց, բայց դեռ արտահերթ ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած, արդեն իսկ ի հայտ են գալիս սև քարոզչության միտումները: Բայց, զարմանալին այն է, որ սկսվել է Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետների գեներացման ակտիվ գործընթաց, որը տարածվում է ոչ միայն կենցաղում, այլև հասարակական-քաղաքական ամենատարբեր հարթակներում:

 

Վարչապետի պաշտոնակատարի արտահայտած միտքը, թե՝ գործարարներն ի՞նչ գործ ունեն քաղաքականությունում, կարծես դուր է եկել շատերին, բայց մոլորության մեջ հայտնվելով` ոմանք իրենց հայացքն ուղղել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմը: Նման հայացքներ ուղղելուց առաջ նրանք մոռացել են մեկ կարևոր հանգամանք, որ գործարարն ու սեփականատերը, ուզենք, թե չուզենք, իրար հետ կապ չունեցող հասկացություններ են: Այնքան հեռու են իրարից, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող հատման կետ ունենալ:

 

Բայց արի ու տես, որ ստահոդ լուրեր տարածելու դեպքում հարկավոր չի լինում անգամ հատման կետեր գտնել: Ու թեև ասում են, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, սակայն չի կարելի մոռանալ, որ հնարավոր ամեն բան չէ, որ կարելի է քաղաքական մանիպուլյատիվ լծակներ կիրառելով փաթեթավորել և կապել այս կամ այն մարդու անվան հետ: Հատկապես, երբ խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է, ում կողմից իրականացվող գործերի մասին գիտեն բոլորը: Բայց չգիտես ինչու, ԲՀԿ առաջնորդին նույնացնում են գործարարի հետ, մոռանալով, որ նրա գործն այսօր նաև քաղաքականությունն է: Ընդ որում ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային հեղինակավոր և իշխող քաղաքական ուժերի հետ գործակցության մակարդակով:

 

Տարբերությունը հասկանալը բարդ չէ: Ընդամենը ցանկություն է հարկավոր: Իսկ ցանկություն չունեցողներն էլ շատ շուտով, ուզած, թե չուզած, ստիպված կլինեն հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերություններն ու առանձնահատկությունները: