Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո՝ նոր իշխանությունը սկսեց քրեական հեղինակությունների շրջանում հետախուզությունները։ Թեև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այդ քայլով ցույց տվեց, որ Հայաստանը փորձում է մաքրել քրեական տարրերից, սակայն այսօր, կարծես, ինչպես նախորդ իշխանություններին, այնպես էլ նորերին` ընտրություններում «օգնություն» է անհրաժեշտ հեղինակություններից։
Այսօր մամուլում շրջանառված տեղեկությունների համաձայն՝ նոր իշխանությունը փորձում է այդ ուժերին օգտագործել այլ եղանակով՝ իր ընտրական ցուցակներում ներգրավելով ոչ թե անմիջապես կրիմինալի ներկայացուցիչներին, այլ նրանց ընտանիքի անդամներին։
Ըստ լուրերի՝ ՔՊ-ն մտադիր է Քանաքեռ-Զեյթունի ընտրատարածքում առաջադրել Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի» քրոջը և Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում՝ Նահապետ Գևոգյանի՝ «Նովոյի» որդուն։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը տարածված տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար զրուցեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որը ժխտեց լուրերը՝ դրանք անհիմն որակելով։
«Մեր կուսակցության ներսում նման քննարկումներ չեն եղել։ Մեր ցուցակը դեռևս հաստատված չէ, բայց նման մարդիկ մեր ցուցակում չկան։ Ես բացառում եմ և դա որակում են անմաստ լուրեր»։
Հարցին՝ հնարավո՞ր է ՔՊ-ի վերջնական ցուցակում լինեն նման մարդիկ, Պապիկյանն ասաց․ «Բացառում եմ, ժխտում եմ, ասում եմ, որ դա աբսուրդ է»։
Հիշեցնենք, որ «Քանաքեռցի Տույի» և Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի կապի մասին առաջին անգամ չէ, որ գրվում է: Դեռևս սեպտեմբեր ամսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ և հանդիպել գործարարների հետ, առաջին շարքում նստած էր նաև Արթուր Ղազարյանը` «Տույը»:
Նշված լուսանկարը Փաշինյանի հետ գործարարների հանդիպումից է։ Կարմիր վերնաշապիկովը Տույն է։