«Ինչ լսել եմ համաներման մասին՝ ամեն օր վատ եմ զգում, ամեն օր: Միևնույնն է, եթե այստեղ չպատժվեն, Աստծու դատաստանից ո՞ւր են փախչելու: Արյունն արյունով պիտի պատասխան տա»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստանալու հետևանքով հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյան մայրը՝ տիկին Անահիտը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում համաներմանը, որը տարածվելու է «Ծռերի» վրա այն դեպքում, երբ չլինեն տուժողների առարկությունները:
Տիկին Անահիտը մանրամասնում է, որ «Ծռերի» բոլոր անդամները պետք է մնան ճաղերի ետևում ու դուրս չգան. «Ի՞նչ «Սասնա Ծուռ», ամոթ էլ է նման անուն տալը. դրանք հանցագործ մարդասպանների խումբ են ու ընդհանրապես արևի երես չպետք է տեսնեն: Նրանք հերոս չեն, նրանք խաղում են հերոսների պատվի հետ: Հերոսն իմ տղան էր, որ հազարավորներին պաշտպանելով՝ զոհեց իր կյանքը»:
Զոհված ոստիկանի մայրը նշեց, որ կապի մեջ է նաև ՊՊԾ գնդում զոհված մյուս երկու ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի ընտանիքների հետ, և նրանք ևս այն կարծիքին են, որ «Ծռերը» չպետք է լինեն ազատության մեջ: ««Ծռերն» ու իրանց ընտանիքի անդամները պիտի մղկտան նենց, ոնց ես եմ մղկտացել իմ տղու համար, պիտի զգան էն ցավը, որը ես ու մյուս ոստիկանների ընտանիքներն ենք զգացել: Ես շատ վրդովված եմ, Աստված չտա, որ համաներումն ազդի նրանց վրա»,- ընդգծեց տիկին Անահիտը:
Անդրադառնալով նաև «Ծռերի»՝ քաղաքական դաշտ մուտք գործելուն, մեր զրուցակիցը նկատեց, որ որտեղ լինեն «Սասնա Ծռերն», այդտեղ շատ վատ է լինելու. «Ես իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարող են այդ մարդասպանները մուտք գործել քաղաքական դաշտ. դա աբսուրդ է»:
Հիշեցնենք, որ 2016թ հուլիսի 17-ի վաղ առավոտյան իրենց «Սասնա Ծռեր» անվանող զինված խումբը գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվեցին երեք ոստիկան՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Արմինե Միքայելյան