Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Հարգելի ուսանողներ ջան, սիրելի կոլեգաներ և ընկերներ...
Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար: Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ Ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել...Ժողն ինձ տվել է ամենակարևորը. Ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես Ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից... Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»:
Հիշեցնենք, որ Երևանի տնտեսագիտական համալսարանում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ այդ բուհի ուսխորհրդի անդամները՝ ի դեմս նախագահ Սևակ Խաչատրյանի, լրագրողներին շատ վատ էին վերաբերվել, բանը հասել էր հայհոյանքներ հնչեցնելուն: Ուսխորհրդի մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց մտնել լսարան ու մասնակցել թեկնածուականի պաշտպանությանը: Այդ երիտասարդների թվում էին նաև ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահի տեղակալ Սերգո Խառատյանը և լրագրողներին հայհոյած Սարգիս Մուրադյանը՝ «Սաքուլիկը»: Վերջինիս անունը նոր իմաստ էր ձեռք բերել: Ցանկացած ոչ համարժեք պահվածք ունեցող, վատ վարքի տեր երիտասարդի «Սաքուլիկ» էին անվանում: Այս դեպքից որոշ ժամանակ անց «սաքուլիկ» Սևակ Խաչատրյանը նշանակվեց համալսարանի պրոռեկտոր, ինչը զարմանք առաջացրեց շատերի մոտ: