Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր մանդատը:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր տրվելիք մանդատը: Ես, անկեղծ ասած, Հանրապետական կուսակցության և ՔՊ-ի միջև մրցակցություն չեմ տեսնում»,-ասաց Ավինյանը:
Նրա կարծիքով`ՀՀԿ-ն մինչ օրս չի կարողանում գիտակցել, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և իրենք այլևս իշխանություն չեն, ժողովրդին է պատկանում այդ իշխանությունը: Ժողովուրդն է որոշում, թե ով կլինի հաջորդ իշխանությունը և ընդդիմությունը:
Ավինյանի հավաստմամբ` ՔՊ-ի նախընտրական ցուցակը լինելու է բավականին բազմազան, ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ: «Ես համոզված եմ, որ գալիք ընտրությունների արդյունքում ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած ազգային ժողով»,-եզրափակեց փոխվարչապետը: