Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ որոշել է սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի հարկերից:
«Այսինքն, մարդիկ, որոնք իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն՝ կապված գործունեության հետ: Սրանով մենք կփորձենք խրախուսել տնտեսական գործունեությունը հատկապես մարզերում:
Մենք տվյալ բիզնեսով զբաղվողներին ասում ենք՝ բացում ենք ձեզ համար հնարավորություն, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի բարեկեցությունը»,-մանրամասնեց Փաշինյանը:
Փաշինյանը վստահեցրեց, որ միկրոբիզնեսում մինչեւ 3 աշխատող ունենալու պարագայում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի. «Ընդամենը 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը, մարդը պետք է ոչ մի կերպ չհամակերպվի իր աղքատության հետ»: