Նախկինում Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այսօր ընդդիմադիր Արսեն Բաբայանը երեկ մի շատ հետաքրքիր և մեր իրականությունը արտացոլող գրառում կատարեց համացանցում: Բանն այն է, որ նոր իշխանությունները հանգիստ տեղավորվել են նախկինների համար կարված կոստյումի մեջ և շարունակում են նույնկերպ ղեկավարել, ինչ նախորդներն էին:
Երկրում շատ բան չի փոխվել, հիմնականում փոխվել են դեմքերը, այս երկրում անգամ չեն փոխվել պաշտոնական կայքերում ողջույնի խոսքերը:
Հենց նման օրինակ էր հրապարակել Բաբայանը. պարզվում է Արարատ Միրզոյանի ողջույնի խոսքը, որը կախված է պաշտոնական parliament.am կայքի գլխավոր էջում, տառ առ տառ նույնն է, ինչ գրված էր Արա Բաբլոյանի համար:
Այս ամոթալի բացահայտումից հետո շատ հնարավոր է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ճակատագիրը կրկնվի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի PR-ով զբաղված մարդկանց պարագայում, այդ թվում խորհրդական Վահան Կոստանյանի, քանի որ հիմնականում նա է զբաղվում Միրզոյանի և հանրության հետ կապով:
Ինչու ենք այսպես ասում, որովհետև երկար ժամանակ է, ինչ ԱԺ-ն չունի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ, չկա մեկը, ով ի պաշտոնե պետք է զբաղվի այդ հարցերով, այնքան ցաքուցրիվ է ամեն ինչ, որ ով պատահի և ինչ մտքին փչի, կանի այդ կայքի հետ:
Այս հարցի շուրջ անգամ Արարատ Միրզոյանն է որոշ շրջանակներում իր նեղսրտվածությունը հայտնել, որովհետև թիմում հավաքված մարդիկ չեն կարողանում հավուր պատշաճի իրականացնել իրենց աշխատանքը: Ֆեյքեր պահելով բան դուրս չի գա, քանի որ պետք է պրոդուկտ թողարկել, ինչը, սակայն, ի վիճակի չեն անել, որովհետև աշխատանքի են ընդունվել ոչ թե գիտելիքների և մասնագիտական ունակությունների շնորհիվ, այլ՝ քայլելու: