«ՊԵԿ հրապարակումներն անհիմն են, չվճարված հարկեր գոյություն չունեն։ Չգիտեմ, թե որն է նպատակը, բայց մենք գնում ենք բոլոր ատյաններով՝ «Գազպրոմ Արմենիա»-ի բարի համբավը պահելու համար։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։Նա նշեց՝ ՊԵԿ֊ի ներկայացրած տվյալներն անհիմն են, քանի որ ամռան գործունեությունը համեմատվել է ձմռան գործունեության հետ. «Ձմռան ամիսներին կորուստներն անհամեմատ բարձր են, քան ամռան ամիսներին, և դա այդպես է ոչ միայն 2018 թվականի համար, այլև 2016, 2017 թվականների համար նույնպես։ Կախված նրանից՝ ցրտաշունչ է ձմեռը, թե ոչ՝ կորուստների չափերը տարբեր են, ինչը նորմալ է»,֊ ասաց նա։
Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ՀՀ գազաէներգետիկ համակարգի խոշոր ներդրողներից է, եթե ոչ՝ ամենախոշորը։ 2002-2018 թթ. ընթացքում ընկերությունն 950 մլն դրամին համարժեք ներդրումներ է իրականացրել։ Սակայն ոչ միայն չի ստացել ոչ մի լումա դիվիդենտ, այլ նաև 2017 թ.-ին իր իսկ նախաձեռնությամբ նվազեցրել է ՀՀ գազասպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը։
Նրա խոսքով՝ 2017 թ.-ի հունվարի 1-ից առ այսօր «Գազպրոմ Արմենիա»-ն տարեկան կտրվածքով 13.4 մլրդ դրամի վնաս է կրել։ Թադևոսյանն ասաց, որ եթե ՊԵԿ-ը կարողանա հիմնավորել իր հրապարակումները գազի կորստի մասին, ապա իրենք պատրաստ են վերականգնել այդ գումարները:
Նա նշեց՝ 2016 թվականին «Գազպրոմ»-ի 254 մլն դոլարի վարկերը 2018 թվականի ավարտին հասցվել է 128 մլնի.«Այս օրերին պետք է պայմանագիր կնքեինք խոշոր ռուսական բանկի հետ՝ 6,5 տոկոսով՝ մոտ 150 մլն դոլարի վարկ վերցնելու պայմանով, սակայն ՊԵԿ֊ի հայտարարությունից հետո մենք ստացանք այդ բանկից պատասխան, որի հետ ավարտում ենք բանակցությունները, որ գործարքի իրականացումը դրվում է լուրջ կասկածի տակ»։