Հայսատանի Հանրապետական կուսակցությունն օրերս հրապարակեց խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակը, որում ներառված էին նաև վերջերս պաշտոնաթող եղած մարզպետները:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Լոռու նախկին ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, որը Փաշինյանի իշխանափոխությունից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ այժմ առաջադրվել է ԱԺ առաջիկա ընտրություններին: Նալբանդյանը ՀՀԿ-ի համապետական ցուցակում 11-րդն է:
Պարո՛ն Նալբանդյան, մարզպետի պաշտոնից ազատման դիմում գրելուց հետո ինչո՞ւ որոշեցիք այս ընտրություններին ևս առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Այս 6 ամիսներն ինձ մտածելու տեղիք տվեցին և ես որոշեցի, որ իմ անցած ճանապարհն ու փորձը կարող եմ օգտագործել հանուն լոռեցիների:
Իսկ ի՞նչ խնդիրներ եք ուզում լուծել: Ի վերջո՝ թեկնածության առաջադրումն իր նպատակը պետք է ունենա:
-Խնդիրները շատ են և եթե դրանք հիմա թվեմ՝ Դուք ինձ կհակադարձեք՝ ասելով, թե ինչու չէի լուծում դրանք պաշտոնավարման տարիներին:
Չե՞ք կողմնորոշվել խնդիրների հարցում, թե՞ այլ բան կա:
-Խնդիրներն առկա են, դրանց հետո կանդրադառնամ:
Պարո՛ն Նալբանդյան, Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն փակվել է, իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հայտարարել է, թե դեռ բանակցություններ են ընթանում և առաջիկայում դրանք կավարտվեն: ԱԺ անցնելուց հետո զբաղվելո՞ւ եք այս խնդրով, թե՞ ոչ:
-Ոչ միայն Ալավերդու այլ նաև Թեղուտի հանքավայրն է փակվել, որոնք իրենց հետ բացասական մթնոլորտ են ստեղծել աշխատուժի և բնակիչների շրջանում: Այս խնդրին չենք կարող չանդրադառնալ, քանի որ արդյունաբերական անկում ենք ապրելու:
Դուք անձամբ զբաղվելո՞ւ եք այդ խնդիրներվ:
-Ես բոլոր համապատասխան տեղերում միանշանակ կբարձրացնեմ այդ խնդիրն իմ հնարավորության շրջանակներում, քանի որ ես ավելի մոտիկից եմ ծանոթ դրանց, քան որևէ մեկը: Կփորձեմ օգտակար լինել:
Լոռու մարզում Դուք թիմակից-մրցակից ունեք՝ ի դեմս Էդուարդ Շարմազանովի, որին 2005 թվականին հաղթել եք Ալավերդու քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Ինչպե՞ս եք պատրաստվում մրցել նրա հետ:
-Ես իմ թիմակիցների հետ չեմ մրցելու, որովհետև մենք ընդհանուր մի գաղափարի շուրջ ենք համախմբված: Մենք իրականում մրցելու ենք մեր կուսակցության համար և այս առումով մենք ոչ թե մրցակից, այլ աջակիցներ ենք:
Եթե Շարմազանովին որպես աջակից եք համարում, ապա Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մասի՞ն ինչ կասեք, քանի որ նա վերջերս հայտարարել էր, թե չկա մարդ, ով ձայն կտա ու կաջակցի ՀՀԿ-ին, ընդգծելով, որ Ձեր կուսակցությունը քրեաօլիգարխիկ բուրգ է:
-Ես չգիտեմ՝ ներկայիս մարզպետն ինչ է ասել և չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի որ ամսի 9-ին կերևա, թե ով ում որքան ձայն կտա: Ես Ղուկասյանին չեմ ճանաչում, միայն նրա կնոջը գիտեմ, ում ինքս եմ մարզպետարանում աշխատանքի ընդունել լեզուների իմացության համար: Եկեք բոլորով սպասենք մինչև դեկտեմբերի 9-ը և այդ օրն ամեն ինչ պարզ կլինի:
Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի