Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությանը:

«Եթե ի պատասխան կրկնեմ այն, ինչ ամբողջ ընթացքում պնդել է Հայաստանը, ապա կգանք այն եզրահանգմանը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա, և դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

 

Խոսելով Հայաստանի կողմից ամերիկյան զենք գնելու առաջարկի մասին, նախարարի պաշտոնակատարը նշել է.

«Ոչ մի առաջարկ Հայաստանը չի ստացել: Ավելին, մեր երկիրը գտնվում է շատ զգայուն մի տարածաշրջանում, որտեղ չկարգավորված հակամարտություն կա, և խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտը, շատ կարևոր են մեզ համար: Սպառազինությունների մրցավազքը նման պայմաններում շատ վտանգավոր է»,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ երբ Հայաստանը դժգոհություն է հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ՝ շեշտում է, որ «չի կարող վերաբերվել դրան որպես զուտ գործարքի, այլ ընկալում է որպես զենք, որը խլում է հայրենակիցների կյանքը՝ զինվորների, քաղաքացիական բնակչության»: