Նոյեմբերի 15-ին, առանց հայտարարելու և հրապարակելու Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այսպիսով, փոփոխությունների փաթեթն արդեն հասանելի է և մեկ հայացքը դրան բավական է արձանագրելու համար, որ նախորդ օրենսգրքի համաձայն փոփոխությունները այնքան քիչ են և աննշան, որ անգամ տարակուսանք է առաջանում՝ հետհեղափոխական փուլում այդ փաթեթո՞վ են պատրաստվում ձեռնամուխ լինել հարկային դաշտի բարեփոխումներին: Ամիսներ առաջ վարչապետը իր ավանդական դարձած «լայվի» միջոցով ներկայացրեց հարկային բարեփոխումների հիմնական մոտեցումները, տարբեր հարթակներում լայն քննարկումներ սկսեցին, որոնք բազմակողմանի քննադատեցին ներկայացվող հարկային փաթեթը: Գուցե դա է պատճառը, որ նոր նախագիծը ներկայացվեց այսչափ անաղմուկ ավելորդ քննադատությունից խուսափելու համար:
 
Փաշինյանի կառավարությունը առաջարկում է նվազեցնել եկամտահարկը և շահութահարկը: Այժմ եկամտահարկի երեք դրույքաչափ է գործում. մինչև 150 հազար դրամ աշխատավարձից գանձվում է 23 տոկոս եկամտահարկ, 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, իսկ 2 մլն դրամը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ արդեն 36.6 տոկոս։ Կառավարությունը մտադիր է սահմանել համահարթ՝ եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23 տոկոս: 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ եկամտահարկի դրույքաչափը բոլորի համար 23 տոկոս սահմանելով՝ ավելացնում է աշխատավարձերը: Եկամտահարկի նվազեցումն սակայն անհետևանք չի մնա. այդ փոփոխության արդյունքում պետական բյուջե չի մուտքագրվի մոտ 27.5 մլրդ դրամ: Որպես լուծում կառավարությունը առաջարկում է ակցիզային հարկը սահմանել 25 տոկոս: Արդյունքում, կարող ենք ունենալ այնպիսի մի իրավիճակ, երբ վարձու աշխատողները ժամանակից շուտ սկսեն ակցիզային հարկի բարձրացման արդյունքում թանկացած ապրանքներ գնել, բայց չստանալ եկամտահարկի նվազեցումից իրենց բաժին հասնող գումարը, քանի որ գործատուները կարող են որպես հարկ չվճարվող այդ գումարը համարել հենց իրենց սեփական եկամուտը և չավելացնել աշխատողների աշխատավարձերը: Սա է թերևս հարկային դաշտի բարեփոխման նոր կառավարության ընտրած ճանապարհը, որը արդեն իսկ լուրջ հարցերի տեղիք է տալիս:
 
Եթե կառավարությունը ունենար այդ հարցերի լուծումը, գուցե արդեն իսկ մասնագիտացված քննարկումների ականատես լինեինք, սակայն ինչպես երևում է՝ Հարկային նոր օրենսգիրքը, որը կընդունվի արդեն նոր խորհրդարանի կողմից, լինելու է հերթական անատամ նախաձեռնությունը, որը չի հանգեցնելու որևէ պրակտիկ փոփոխության, չի թեթևացնելու քաղաքացու և բիզնեսի հարկային բեռը, միևնույն ժամանակ այն հպարտորեն անվանելու են հարկային հեղափոխություն: Մինչդեռ նույն Ուկրաինայի, կամ Վրաստանի փորձը մեզ հուշում է, որ քաղաքական –տնտեսական հեղափոխության անբաժան մասն է կազմում հարկային հեղափոխությունը, իրական հեղափոխությունը, այլ ոչ թե «լայվերում» ասվածն ու մոռացվածը կամ թղթի վրա հապշտապ ձևակերպածը: Հարկային հեղափոխությունը առաջին հերթին ենթադրում է հարկային արտոնությունների ներդրումը՝ հարկային արձակուրդները կամ հարկային ամնիստիան: Մեր կառավարությունը, ինչպես երևում է, դեռևս պատրաստ չէ գնալու նման քայլերի, մինչդեռ պարզից էլ պարզ է՝ հնարավոր չէ գնալ նախորդ իշխանությունների տրորած արահետներով, և հուսալ, որ բիզնեսը կարող է փոխել իր մոտեցումը մեր երկրի նկատմամբ…
 
 
Ստելլա Խաչատրյան