Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ կառավարությունն ապագայում կյանքի է կոչելու բոլոր խոստումները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չի եղել մի կետ, առաջարկ, որոնց վերաբերյալ կառավարությունը պայմանավորվել է և չի իրականացրել:

 

«Մենք ոչ իշխանական ուժերի հետ խոսում ենք, բանակցում ենք, շփվո ւմ ենք, և ես համոզված եմ, որ մենք ապագայում իրականացնելու ենք այն, ինչ խոստացել ենք: Որևէ հարց չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել:

 

Կարող են լինել նաև առաջարկներ, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

 

Անդրադառնալով դիտարկմանը, թե եռյակը պահանջում է, որպեսզի կառավարությունն առաջին հերթին քննարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել այդ հարցը: «Նրանք նույնիսկ առաջարկել էին, որ մենք սկսենք 10-րդ կետից, և մենք դրան էլ ենք համաձայնել:

 

Մենք կառուցողական ենք, ցանկանում ենք աշխատել ընդդիմության հետ: Դա մեր նպատակն է, որպեսզի միասին փորձենք ճիշտ որոշումներ կայացնել, իսկ եթե իրենք չեն ցանկանում մասնակցել, չեն ուզում քննարկել, այստեղ, կարծում եմ, մենք անելիք չունենք»,- եզրափակեց Աբրահամյանը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին առաջարկել էր կրկին քննարկումներ սկսել իրենց ներկայացրած 12 կետերի վերաբերյալ' յուրաքանչյուր կետի համար ստեղծելով աշխատանքային խումբ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներից, սակայն ոչ իշխանական ուժերը մերժել էին առաջարկը՝ պնդելով, որպեսզի կառավարությունը կյանքի կոչի 10-րդ կետը, որը վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն: