Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը պատրաստ է քննարկել խորհրդարանում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, եթե ի հայտ գան նոր փաստեր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Երեկ էլ մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ մեր խմբակցության ղեկավարը ներկայացրեց մեր դիրքորոշումը: Այս պահին մենք դեմ ենք, որպեսզի այդ հանձնաժողովն ստեղծվի, սակայն եթե ի հայտ գան նոր փաստեր, մենք պատրաստ կլինենք քննարկել խորհրդարանում հանձնաժողով ստեղծելու հարցը»,- նշեց Շահգելդյանը:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ կարծում է, որ Մարտի 1-ի հարցով հանձնաժողովը կարող է արդյունավետ աշխատել, եթե քննարկումներին ներկա լինի այդ օրերին հանրահավաքի կազմակերպիչը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը:

 

«Մենք նախորդ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել ենք, սակայն նա հրաժարվել է ներկայանալ և պատասխանել մեր հարցերին»,-նշեց նա:

 

Հովհաննես Մարգարյանն ընդգծեց, որ այդ ժամանակ բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները հանձնաժողով են հրավիրվել, եղել է նաև ներքին զորքերի հրամանատարը, ով հստակ պատասխանել է բոլոր հարցերին: Նրա խոսքով' հենց այդ հարցերի պատասխաններից է կախված եղել, թե ում էր պետք հրավիրել՝ հարցեր տալու համար:

 

ՕԵԿ պատգամավորները տեղեկացրեցին, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին: