ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր' հունիսի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար:
Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս, ներդնել և 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել ձեռքբերումները փաստաթղթով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության դեպքում ներդնել հարկման արտոնյալ համակարգ, մասնավորապես՝ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ ազատել պետական հարկերից, սահմանել, որ ընտանեկան ձեռնարկ ատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրացման հասույթը նախորդ կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 մլն դրամը և այլն:
Օրինագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, իրոք ՀՀ ֆինանսների նախարարությունը տևական ժամանակ զբաղվել է օրինագծի մշակմամբ: Ես վերջին անգամ երեկ եմ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այս խնդրում Ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին, այն է' խոշոր գործարարը հարկային դաշտում աշխատի և ՓՄՁ-ն չդիտարկվի որպես հարկատու: Սա է մեր գաղափարը, և իմ կարծիքով մենք հաջողության կհասնենք, եթե հետևողական լինենք: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մեծ քայլ է կատարվում, որպեսզի իրոք կայանան: Սա է մեր նպատակը»:
ՀՀ կառավարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի համաձայն ոլորտի բարեփոխումն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել այն նմանօրինակ կենտրոնների միջոցով զարգացնելու մոտեցումը: Դրա համար անհրաժեշտ է կրթական համակարգ ներգրավել լավագույն կադրերին, կիրառել միջազգային փորձը, բացահայտել և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերած ուսուցիչներին, զարգացնել մանկավարժների ազգային հավաստագրման ծրագիրը և այլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է կրթության ոլորտի այս բարեփոխման ընթացքի մասին մամուլի միջոցով պարզաբանում տալ հանրությանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով' կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. հունիսի 18-ին' ժամը 12:00-ին, գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգ ներառելով մի շարք հրատապ և անհետաձգելի հարցեր:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը ներկայացրել է Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը: Նախարարության պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով տեղեկություն են ստանում Վրաստանի իրենց պաշտոնակիցներից: Անբարենպաստ եղանակը թույլ չի տալիս արագացնել աշխատանքը, սակայն հնարավոր է, որ երթևեկությունը վերականգնվի ս. թ. հունիսի 14-15-ին:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Հորմիգոնես ի մորտերոս սեռանո Ս.Ժ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 12-ը: Մասնաճյուղը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ ենթակապալառու կազմակերպություն է, վերջինիս բարձրորակ ցեմենտ է մատակարարում: Երկարաձգելով այդ նպատակով ներկրված մեքենա-սարքավորումների մաքսային ժամկետը, կառավարությունն ապահովում է ծավալված աշխատանքի անընդհատությունն ու արդյունավետությունը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով (Տրանշ-2) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացումը: Այդ նպատակով ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 968 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երեք տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է օտարել 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ուղեգծի միջանցքի սահմանում գտնվող որոշ օբյեկտներ: Շինարարության կապալառուն որոշել է էլեկտրահաղորդման գծի ուղեգիծը: Սույն որոշումը հնարավորություն է տալիս մինչև բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը ուսումնասիրել օտարման ենթակա սեփականությունը, որի փոխհատուցումը նախատեսված է իրականացնել վարկային միջոցների հաշվին:
Գործադիրը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մոտ 62 մլն դրամ, որով կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով Երևանի շրջակայքում կանտառապատվի 31 հա, ՀՀ մարզերում՝ շուրջ 100 հա տարածք:
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով սահմանվում են սկզբունքներ՝ կապված ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներում Եվրամիության սահմանած նոր չափորոշիչների կիրառման հետ: Փոփոխելով ու լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, գործադիրը նպատակ ունի տեխնիկապես կատարելագործել փրկարարական աշխատանքի կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը և արդիականացնել կապի միջոցները: Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության մեկ այլ որոշման մեջ. նպատակը այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման պատշաճ իրականացումն է: Սահմանվել են այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրեր (կազմակերպություններ) և նոր աշխատատեսակներ:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014թ. ծրագիրը, որի նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ համապատասխանի միջազգային պահանջներին և չափանիշներին, ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը, որի համաձայն նշված քաղաքացիներին կտրամ ադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում և նրանց հնարավորություն կընձեռվի սովորել անվճար և ավարտելուց հետո աշխատել իրենց բնակավայրերում: Կառավարությունը հաստատել է նաև «Երևանի N 1 տուն ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը. ծրագրի իրականացման նպատակով 1 մլն ԱՄՆ դոլար նվիրատվություն է տրամադրել Քուվեյթի Պետությունը, ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման կարգը, որով կապահովվի պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացումը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանային շերտում արգելել արտոնագրման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը, նկատի առնել, որ տնտեսական գործունեություն իրականացնելու համար ՀՀ օրենքներով կարող են սահմանվել այլ պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:
Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը:
Նիստի հավանությունն է ստացել «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունումը թելադրված է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխմամբ և աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի ներդաշնակեցմամբ:
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է որպես հանցակազմ ձևակերպել առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և խստացնել այս հանցակազմի համար նախատեսված սանկցիան:
Գործադիրը քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մեծացնել շրջակա միջավայրին հասցված վնասի պատասխանատվությունը: Կառավարությունը որոշ վերապահումներ է արտահայտել օրինագծի առթիվ՝ տեղեկացնելով նաև, որ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագիծ, որն արդեն ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ, ուստի դեմ է սույն նախագծի ընդունմանը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Սերբիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կառավարության որոշմամբ' Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային երկու մասնաշենքում և Աճառյան 44 հասցեի հանրակացարանում բնակվող հինգ ՀՀ քաղաքացիներին է նվիրաբերվել իրենց զբաղեցրած երեք սենյակը:
Գործադիրն ընդունել է Լոռու մարզի Անտառաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի' «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ամառային զորակոչը, տարկետում է տրվել ԱՄՆ Քլիվլենդի համալսարանի օրդինատուրայի սան Հակոբ Քոչարյանին, ով պարտավորվել է ուսումնառության ավարտից հետո ըստ մասնագիտության երկու տարի աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: