Կառավարությունը նոր քաղաքականություն է որդեգրել, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և հարկային բեռի թեթևացմանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

 

«Մեր նոր հարկային ռեժիմն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, երբ փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը 3.5 տոկոսից կդառնա 1.5 տոկոս, ինչպես նաև հարկային արտոնություններ կտրամադրվեն ընտանեկան բիզնեսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նա:

 

 

Միրումյանն ընդգծեց, որ այս պահին նախարարությունը զբաղված է գործարարներին իրազեկելու գործընթացով, իսկ այդ աշխատանքներում ներգրավված են նաև տարբեր հասարակական կազմակերպություններ: «Այսինքն' միայն մենք չենք, որ զբաղված ենք բիզնես ոլորտի հետ շփումներով և նրանց իրազեկման գործընթացում, որպեսզի գործարարները տեղյակ լինեն, որ հոկտեմբերի 1-ից իրենք ավելի ցածր տոկոսադրույքով են վճարելու հարկերը՝ միևնույն ժամանակ նրանց իրազեկելով, որ բոլոր գնումները պետք է համապատասխան փաստաթղթավորում ունենան»,- ասաց նա:

 

 

Փոխնախարարը հավելեց, որ ընթանում են նաեւ բիզնեսի ներկայացուցիչների համար ուսուցողական ծրագրեր այն միտումով, որպեսզի նրանք պատրաստ լինեն հարկային նոր ռեժիմի գործելու պայմաններին:

 

 

Ազգային ժողովն անցած նստաշրջանի ընթացքում օրենքի նախագիծ է ընդունել, որի համաձայն' փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը 3.5 տոկոսից նվազում է՝ դառնալով 1.5 տոկոս: Բացի այդ, օրենասդրական մեկ այլ նախաձեռնությամբ կառավարությունը սահմանեց «ընտանեկան բիզնես» հասկացությունը և ընտանեկան բիզնեսին հարկային արտոնություններ տրամադրելու առաջարկ ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին: Հարկային նոր ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: