ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ներկայացրել է նախորդ տարվա օգոստոսի համեմատ 2019 թ-ի օգոստոսին գրանցված Տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն աճել է 7.4 տոկոսով: Ըստ նրա հայտարարության՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:

Թե ինչի շնորհիվ է գրանցվել տնտեսական աճ,  ինչքանով է այդ աճը ազդել  բնակչության կենցաղի վրա, և թե ովքեր են առավելապես օգտվել այդ աճից, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում  պարզաբանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: 

Նախևառաջ անդրադառնալով աճի ցուցանիշի թվին՝ Պարսյանը պնդեց, որ 7.6 տոկոս աճը գրանցվել է, ոչ թե երկրի տնտեսության ներառական ճյուղերի, այլ հիմնականում ստվերների կրճատման, ինչպես նաև շահումով խաղերի  մեծ պահանջարկի հաշվին, և եթե հաշվի առնենք այս փաստը, և թվերը ճշգրիտ ներկայացնենք, կտեսնենք, որ այդ 7.6 տոկոսն իջնում, դառնում է 2-3 տոկոս:

«Առևտրի ոլորտում, օրինակ, եթե պնդում ենք, որ գրանցվել է աճ, պիտի նաև պարզաբանենք, որ ոչ թե մեր ազգաբնակչությունն է սկսել ավելի շատ գնումներ կատարել, այլ բիզնեսի տերը սկսել է ՀԴՄ-ների ու հարկային հաշվետվությունների միջոցով օրինականացնել մինչ այդ եղած առևտրի իրական թիվը: Այսինքն՝ մենք կրճատել ենք ստվերը, ոչ թե իրական առևտրաշրջանառության աճ ենք ունեցել:  Միշտ պետք է ռեալ գնահատել, թե ինչի շնորհիվ է աճ գրանցվել, և ում վրա է դրական կամ բացասական ազդեցություն ունեցել: Փոքր ու միջին բիզնեսի շրջանառությունը, կարող եմ պնդել, որ չի աճել, ավելին՝ նվազել է: Նախկինում 1մլն դրամ  էին շրջանառում, ցույց էին տալիս 100.000 դրամ, հիմա՝ 600.000 դրամ  են շրջանառում, ցույց են տալիս 300.000 դրամ»:

 

Տնտեսագետի փաստարկն այն մասին է, որ գրանցված տնտեսական աճից օգտվել են սահմանափակ թվով մարդիկ: Ինչպես ինքն է ասում՝ հարուստներն ավելի են հարստացել:

«Առևտրի ոլորտում, օրինակ, նկատվում է համակենտրոնացման մակարդակի աճ, այսինքն խոշոր սուպերմարկետները իրենց մասնաբաժինը հատկապես մանրածախ առևտրի ոլորտում բավականաչափ ավելացնում են: Իսկ դա փոքր ու միջին բիզնեսին ուղղակի հարված է հասցնում: Իսկ վնասված փոքր ու միջին բիզնեսը ձևավորում է  միջին խավի սոցիալական  տարատեսակ խնդիրներ: Տնտեսական աճի այսպիսի միտումը նկատվում է վերջին տարիների ընթացքում, և ինչպես տեսնում ենք, չի դադարում նաև այս տարվա ընթացքում: Իրականում մենք չունենք ներառական աճ, որի մասին հայտարարում է կառավարությունը»:

 

Այն հարցին, թե ինչքանով է մեր տնտեսությանը ձեռնտու Հայաստանի՝ ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում գտնվելը, ինչպես պնդում է վարչապետը, Պարսյանը պատասխանեց. «Գնանկումը բացասական է բիզնեսի համար, քանի որ բիզնեսը ակտիվություն է ցուցաբերում, այն դեպքում երբ այս կամ այն ապրանքի գներն աճում են: Այսինք դա իրենց համար սիգնալ է, այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն սկսել: Եթե գները նվազում են, հակառակ էֆֆեկտն է առաջանում: Բիզնեսների համար ոլորտը կորցնում է գրավչությունը: Դրա համար գնանկումը կարող է պատճառ դառնալ, որ մի շարք արտադրություններ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչն էլ պետության համար անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել»:

Գնանկումների պատճառն հասկանալու համար պետք է առանձնացնել գնաճի պարենային և ոչ պարենային մասը՝ ասում է Պարսյանը, և հավելում՝ օրինակ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին վեց ամիսներին մենք ունենք պարենային ապրանքների մասով լուրջ գնաճ, որը շարունակվել է նաև հուլիս-օգոստոս ամիսներին, հացամթերքն աճել է 5.5 տոկոսով, կարտոֆիլը՝ 74 տոկոսով, ձուն, հավի միսը 4-6 տոկոսով և այլն: Սրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են և մեր քաղաքացիների մեծ մասը իրենց եկամուտը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքներ  ձեռք բերելու համար, դրանից հետո է, որ նրանք ձեռք են բերում ոչ պարենային ապրանքներ կամ ոչ առաջնային անհրաժեշտության  ապրանքներ: Հետևաբար, երբ մենք խոսում ենք սոցիալական վիճակի բարելավման մասին կամ, թե որքան է գնաճը օգնում կամ վնասում մեր տնտեսությանը, պետք է նայենք նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մասով: Առաջին անհրաժեշտության ապրանքների գները աճել են, որն ուղղակիորեն նպաստել է մեր ազգաբնակչության գնողունակության նվազմանը: Իսկ առաջնային անհրաժեշտության ապրանքների գները նվազել են, քանի որ պահանջարկ չկա: Այսինքն՝ բնակչության մեծամասնությունը հրաժարվել է դրանցից, որպեսզի ձեռք բերի ավելի կարևոր ու անհրաժեշ ապրանքներ: Նորից եմ կրկնում՝ մեր ազգաբնակչությունը իր եկամտի 60-70  տոկոսը ծախսում է  պարենի ձեռքբերման համար, սա լուրջ խնդիր է, սա խոսում է այն մասին, որ մեր ազգաբնակչությունը դեռևս լուրջ աղքատության խնդիր ունի»:

 

Վերջում նորից անդրադառնալով այն հարցին, թե այս ցուցանիշներից ազգաբնակչությունն ինչ շահեց, տնտեսագետը ասաց, որ ժողովուրդը մեծամասամբ  չի օգտվել այս աճից, և չի օգտվի քանի դեռ մեր տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ չեն եղել:

 

Հիշեցնենք որ, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ: Ստորև մեջբերում ենք՝

«2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:

Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս

 

Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի,- գրում է Փաշինյանը»:

 

ԱԻԴԱ Կիրակոսյան