Բենզինի և նավթամթերքի շուկան Հայաստանում մշտապես գտնվում է վերահսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ այս ոլորտում կատարվում են ստուգումներ, վեր հանվում խախտումներ, որոնց համար էլ ընկերությունները ենթարկվում են տուգանքների:
Օրերս մամուլը գրեց, որ նավթամթերքի շուկայում լայնածավալ ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների համար մոտ 37 տնտեսվարողների նկատմամբ վարչական ակտ է կազմվել:
Տուգանված ընկերությունների շարքում են բենզինի վաճառքով զբաղվող «Մաքսհուր», «Մաքսդալ», «Գայանե Իսպիրյան», «Ռան-օյլ» ընկերությանը պատկանող բենզալցակայանները, «Մուլտի ագրո», «Գրիգ բիզնես», «Գրանդ պետրոլիում և տասնյակ այլ ընկերութուններ:
ԼՈւՐԵՐ.com-ը տուգանված ընկերություններից հետաքրքրվեց՝ ի՞նչ խախտումների համար են իրենց ընկերությունները տուգանվել և որքա՞ն է կազմում տուգանքի չափը:
Ընկերություններից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ընկերության անունը թեև տուգանվածների շարքում է, սակայն ինքը հերքում է, որ տուգանվել են. «Մեզ մոտ եկել և ստուգումներ են իրականացրել: Մեզ մոտ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և որակական որևէ խախտում չի արձանագրվել, հետևաբար, որևէ տուգանքի մասին խոսք լինել չի կարող: Ես չգիտեմ, թե մեր ընկերության անունն ինչպես է հայտնվել այդ ցանկում»,-ասաց բենզին ներկրող և վաճառող ընկերության տնօրենը:
Մեզ հետ զրույցում մեկ այլ ընկերության տնօրեն, որի անունը նույնպես առկա է ցանկում, ասաց, որ թեև ստուգումներ են իրականացվել իր ընկերությունում և հայտնաբերվել են խախտումներ, սակայն ինքը համամիտ չէ դրանց հետ, քանի որ կարծում է, որ միտումնավոր կերպով փոքր և միջին բիզնեսով զբաղվողներին տուգանում են՝ պարզապես պետական բյուջեն լցնելու համար.«Սա կազմակերպված «ռեկետ» է միջին և փոքր բիզնեսի նկատմամբ: Գալիս՝ ինչ-որ սարքերով ստուգում են բենզինի որակը, հետո էլ ասում, որ չափանիշներին չի համապատասխանում և տուգանում են 50 հազար դրամով: Բայց չէ՞ որ ես նրանց ներկայացնում եմ օրենքով պահանջվող և ԵՏՄ կանոնադրության համապատասխան որակի սերտիֆիկատները, դրանցով ապացուցված է, որ բենզինի որակը համապատասխանում է չափանիշներին:
Փաստորեն, իրենց համար այդ սերտիֆիկատները հիմք չեն: Հիմք են ընդունում միայն իրենց չգիտես ինչ-ինչ սարքերի փորձաքննության արդյունքերը, որոնց վրա էլ ես եմ կասկածում: Վստահ եմ՝ սա ընդամենը միտումնավոր քայլ է և նման տուգանքներով պարզապես բյուջե են լցնում»,-ասաց ընկերության տնօրենը:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են դատական կարգով վիճարկել հարցը, վերջինս պատասանեց. «Ես փաստաբանների վրա ավելի շատ փող պետք է ծախսեմ, քան այդ տուգանքի չափն է, բայց եթե նմանատիպ տուգանքները դառնան շարունակական և նորից կրկնվեն, բնականաբար քայլերի կդիմեմ, քանի որ գումարից բացի տուժում է իմ ընկերության վարկանիշը»:
Աղավնի Սուքիասյան