Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ում տեղի ունեցող զարգացումներին ու Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ պատասխանին, ինչպես նաև այն հարցին, թե եթե դեկտեմբերին կոնսենսուս չլինի և Հայաստանը ՀԱՊԿ-ում կորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որն է լինելու հայկական կողմի պատասխանը.

«Նախ, եթե կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ստեղծման և կոնսենսուսի հասնելու ուղղությամբ։ ՀԱՊԿ-ում որոշումները կայացնում են կոնսենսուսով համաձայնությամբ:

 

Կարծում եմ՝ Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանին հայկական կողմից եղել է արձագանք, ես ինքս ինչ ունեմ ասելու՝ բարձրաձայնել եմ, ու այս հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից որևէ արձագանք չեմ ստացել: Որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ՝ տեղի կունենա, այսինքն՝ ամսի 6-ին պարզաբանումներ կպահանջեմ գործընթացների վերաբերյալ: Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ շահերին առնչվող որևէ հարց ու պատրաստվում ենք գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի շահերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: