Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակին, կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ծավալվող քննարկումներին: Մեծամորի ատոմակայանում լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում բոլոր հարցերը լուծում են ստանալու կոնսենսուսի միջոցով:
«Հավաքական անվտանգության կազմակերպությունում բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի միջոցով: Ես կասկած չունեմ, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որպեսզի կազմակերպությունն աշխատի և ընդհանուր անվտանգության ապահովման հարցում ունենա այն ներդրումը, որը կազմակերպությունից սպասում են»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ո՞վ է շարունակելու զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Եկեք այդ հարցը թողնենք մեր երկրների ղեկավարների որոշմանը: Ես լիազորված չեմ խոսել նրանց փոխարեն: Այդ ամենը քննարկվում է, ինչպես գիտեք, և ես վստահ եմ, որ կլինի այնպիսի որոշում, որ մեր կազմակերպությունն այս իրավիճակից ավելի ամրապնդված դուրս կգա»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը: