ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում ուշագրավ հայտարարություն էր արել Մարտի 1-ի վերաբերյալ, ասելով, որ «Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքում իր հետ շրջող մարդիկ ոչնչացրել են մոտ 200 շիշ կոնյակ»: Շահնազարյանն այդպիսով նաև ակնարկել է՝ ինչ-որ մեկը դիտմամբ է կոնյակ տարել՝ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածներին ալկոհոլի ազդեցության տակ գցելու համար:

Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ահազանգ հանցագործության մասին և, ըստ երևույթին, պատկան մարմիններն իրենց ուշադրությունը պետք է սևեռեն նաև այս կողմ: Եվ չնայած նրան, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելութներում անընդհատ շեշտում է, թե Մարտի 1-ը բացահայտված է, միևնույնն է՝ հասարակության գիտակից մասը հասկանում է, որ դա այնքան էլ այդպես չէ:

 

Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը 200 շիշ կոնյակի վերաբերյալ՝ ՀՔԾ-ն դրել է քննարկման և մյուս նյութերի հետ միասին ուսումնասիրում է:

Դավիթ Շահնազարյանի՝ վերջերս հնչեցրած ելույթները Մարտի 1-ի վերաբերյալ՝ խոսում են այն մասին, որ նա բավականին վճռական է տրամադրված և պատրաստվում է այդ թեման մինչև վերջ տանել:  

Նշենք, որ Շահնազարյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններում զբաղեցնում է ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը:

Արմինե Միքայելյան