«Կաթողիկոսը իր գերեզմանը փորեց իր ձեռքով»․ Գարեգին Բ-ն առանց համաձայնեցնելու հայտարարություններ է անում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, օրերս ի պատասխան հարցին, թե հայ առաքելական եկեղեցին ինչ-ինչ պայմաններում հնարավոր է ճանաչի Ուկրաինայի «միացյալ» եկեղեցին և Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից շնորհվող ավտոկեֆալացմանը, հայտարարել է՝ «Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և այս համատեքստում երբեք չի կարող ողջունել այն քայլերը, որոնք միտված են քրիստոնեական եկեղեցու մասնատմանն ու բաժանմանը»։Կաթողիկոսի կողմից նման հայտարարությունը մտահոգությունների ալիք է բարձրացրել, քանի որ նա այդ հայտարարությամբ խոսել է ողջ Հայ Առաքելական եկեղեցու անունից և բացի դա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջամտել կամ տեսակետ հայտնել Ուղղափառ եկեղեցիների ներսում կատարվող դեպքերին, այն դեպքում՝ երբ նա որևէ կերպ չարձագանքեց Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ առաջինն անհրաժեշտ էր եկեղեցու աջակցությունը։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Գևորգ Յազիչյանը կաթողիկոսի հայտարարությունը կանոնականորեն խախտում է համարում․«Նա իրավունք չունի խոսել Հայ Առաքելական եկեղեցու անունից, առավելագույնը կարող է խոսել Մայր Աթոռի անունից, այս դեպքում դրա իրավունքն էլ չունի, որովհետև սա այնպիսի լուրջ հարց է, որի համար պետք է առնվազն լինի գերագույն հոգևոր խորհրդի նիստի որոշում, քննարկում։ Բացի դա՝ Հայ Առաքելական եկեղեցին ունի նաև նվիրապետական երեք աթոռներ՝ երկու պատրիարքություն և Կիլիկիո աթոռը, որոնց հետ ո՛չ խորհրդակցել է այդ արտահայտությունը անելու համար, ո՛չ էլ, առավել ևս, նրանց համաձայնությունն է ստացել», - ասաց Յազիչյանը։
Վերջինս վերոնշյալ երևույթը համեմատեց ԵԱՏՄ մտնելու գործընթացի հետ, որը եղավ մեկ գիշերում։
Յազիչյանը կարծում է, որ նման միջամտությունը եղբայրական ժողովուրդների և եղբայրական եկեղեցիների վերաբերյալ պետք է արտահայտվեր չեզոքությամբ․ «Պետք է կոչ արվեր, որ բոլոր տարակարծությունները լուծվեն բանակցությունների միջոցով և ոչ թե դիրքորոշում արտահայտեր, որն այս պահին վտանգում է Ուկրաինայում գտնվող ավելի քան 300 000 հայկական գաղութի և՛ անվտանգությունը, և՛, առհասարակ, ամեն տեսակի շահերը, որը կարծում եմ՝ ճակատագրական պետք է լինի կաթողիկոսի համար»,- ասաց նախաձեռնության անդամը և հավելեց, որ դա նաև միջամտություն է նաև ՀՀ քաղաքական ղեկավարության գործերին․ «Սա քաղաքական լուրջ հարց է և կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել ՀՀ ղեկավարության համար Ուկրաինայի հետ հարաբերություններում»։
Մանրամասնելով կաթողիկոսի արտահայտության հնարավոր ազդեցությունը՝ հայ-ուկրիանական հարաբերություններում՝ Գևորգ Յազիչյանը հուսաց, որ ուկրաինական կողմը՝ ժողովուրդը և ուկրաինացի ազգայնականները, որոնք բավական ակտիվ են նման հարցերում, ճիշտ կհասկանան իրավիճակը․ «Հայ առաքելական եկեղեցու կանոնախախտությամբ է կատարաված այդ արտահայտությունը։ Եվ դրա հետևում տեսնում ենք, որ նա հայկական միջավայրում կորցրել է իր բոլոր հենարանները և արդեն հույս ունի ստանալ Պուտինի օժանդակությունը՝ չհասկանալով, որ դրսի ուժով հարցեր չի կարողնալու լուծել»,- նկատեց նա և ամփոփելով ասաց․ «Այս քայլից հետո, կարծում եմ՝ նա իր գերեզմանը փորեց իր ձեռքով։ Սրանով «գցեց» այսօրվա վարչապետին, մտավ նրա տարածք, «գցեց» Արամ կաթողիկոսին, Նուրան պատրիարքին։ Եվ նրանց շրջանցելու համար Կաթողիկոսը պետք է պատժվի»։