Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը ՍԾՏՀ-ի ստեղծման հիմնական գաղափարին՝ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության ամրապնդմանը, սակայն պնդում է, որ անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը' խուսափելով ավելորդ քաղաքականացումից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) երևանյան նստաշրջանի ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Չնայած նախընտրական գործընթացներին, մենք՝ որպես նախագահող երկիր, կարևորում ենք ՍԾՏՀ-ի հետեւողական եւ անխափան գործունեությունը եւ հենց այդ հիմքով է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ մենք լիագումար նստաշրջան ենք անցկացնում: Համոզված եմ, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանն ակտիվորեն ներգրավված կլինի միջազգային գործունեության մեջ՝ հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության տարեցտարի աճող դերը: ՍԾՏՀ ԽՎ-ի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանում բացառապես տնտեսական բնույթ ունեցող միակ խորհրդարանական կազմակերպությունն է: Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ։ Սակայն ՍԾՏՀ ԽՎ-ի ստեղծման հիմնական գաղափարը եւ գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է: Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այս գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը' խուսափելով ավելորդ քաղաքականացումից»,-ասաց Բաբլոյանը:
Նրա կարծիքով՝ ՍԾՏՀ ԽՎ-ի դերն էապես մեծանում է, քանի որ միջազգային հարաբերություններում տնտեսությունն առանցքային գործոն է։ Նա նկատեց, որ երբեմն տնտեսական հարաբերությունները ստեղծում են նպաստավոր պայմաններ՝ արդյունավետ քաղաքական օրակարգի ձեւավորման համար, որը նպաստում է վիճելի հարցերի կարգավորմանը:
Բաբլոյանի կարծիքով՝ տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունները խոչընդոտում են երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության խորացմանը: Սակայն նրա կարծիքով՝ տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի ամրապնդումը կարող է լավ նախադրյալ լինել մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար: Նա շեշտեց, որ չպետք է մոռանալ, որ ամենադժվար խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել ազնիվ, անկեղծ եւ անկողմնակալ երկխոսության զարգացմամբ, իսկ միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունը դրա կայացման համար անփոխարինելի գործիքներից համարեց:
Բաբլոյանը համոզմունք հայտնեց, որ այս նստաշրջանը երկրների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ ևս մեկ քայլ կլինի: