«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ծրագիրը՝ նշելով, թե ինչ նախադրյալներ են անհրաժեշտ ազգային պետության ստեղծման և դրա թռիչքային զարգացման համար:
«Սասնա Ծռեր» կուսակցության կարգախոսն է՝ «Ժամանակն է», և ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր կետից առաջ կա այդ կարգախոսը:
Ծրագիրը բաղկացած է 5 կետից՝ «Իրավունք և արդարություն», «Պետական կառավարում և կադրային քաղաքականություն», «Սոցիալ-տնտեսական զարգացում», «Անվտանգություն և պաշտպանություն», ինչպես նաև «Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, Հայրենիք-Սփյուռք»:
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը
լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է մշակել և ընդունել նոր Սահմանադրություն, դրա հիման վրա նոր Ընտրական օրենսգիրք և «Կուսակցությունների մասին» նոր օրենք:
«Ժամանակն է ձևավորել օպտիմալ և արդյունավետ պետական կառավարման համակարգ, մեծացնել զինված ուժերն ու սահմանապահ զորքերը»,- ասաց Ավետիսյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորի մեկ այլ թեկնածու Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ ի տարբերություն տարածաշրջանի երկրների, Հայաստանը շատ մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում:
«Կարծում ենք, որ պետք է նպատակ դնել, որպեսզի ոչ միայն ապահովվի տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար, այլև այն դառնա տեխնոլոգիական տրանսֆերի կենտրոն»,- շեշտեց Չուգասզյանը:
Սոցիալ-տնտեսական զարգացմանն անդրադառնալիս՝ պատգամավորի թեկնածու Ալեք Ենիգոմշյանն ընդգծեց, որ գերակա հարցերից է գյուղատնտեսությունը:
«Շատ կարևոր է քաղաքացիների պարենային անվտանգության խնդրի լուծումը: Մենք պետք է արժանապատիվ
ձևով ապահովենք գյուղացիների գոյությունը»,- ասաց Ենիգոմշյանը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ծրագերի մեջ է մտնում նաև պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերի ընդլայնումը, հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների հայազգի սեփականատերերի Հայաստան հրավիրելը՝ երկրում իրենց ապրանքանշաններով արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար:
Կուսակցությունը նաև նախատեսում է իրական պահանջների հիման վրա վերահաշվարկել նվազագույն սպառողական զամբյուղը, մշակել և իրականացնել ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր, ինչպես նաև նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնել սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին: