«Ժամանակ» թերթը գրում է.

«Վերաքննիչ դատարանում երեկ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրա կալանքի որոշմանը: Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել էր Վերաքննիչի նախկին որոշումը, որով Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Հիմա Վերաքննիչը փաստորեն նոր քննություն է իրականացնում եւ պետք է որոշի՝ մնո՞ւմ է Քոչարյանն ազատության մեջ, թե՞ կալանավորվում է: Սա, իհարկե, հայաստանյան ներքին զարգացումների համար հատկանշական գործ է՝ նկատի ունենալով թե՛ ընդհանուր ներքաղաքական համատեքստը, թե՛ այն, որ Վճռաբեկի որոշումը փաստորեն եղավ Հայաստանում նախընտրական արշավի շեմին, Քոչարյանի գլխին կախելով փաստորեն «դամոկլյան սուրը»:

Մյուս կողմից, իրավիճակը բավականին հետաքրքիր գունավորում ստացավ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հայտարարեց, որ հասարակությունից գողացված, յուրացված փողերը, որոնք միլիոնավոր դոլարների հարստություն են դարձել նախկին իշխանության տարբեր ընտանիքների համար, այդ թվում՝ Քոչարյանների՝ ինչպես հայտարարել էր վարչապետը, պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվեն եւ ուղղվեն զինված ուժերին: 

Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում առաջին անգամ տվել է անուններ, ազգանուններ՝ Քոչարյանների, Սարգսյանների, Խաչատրյանների ընտանիքների, եւ նաեւ սահմանել հանրությունից յուրացված միջոցների վերադարձի շատ կոնկրետ նպատակակետ կամ հասցե՝ զինված ուժեր, բանակ:

Սա, իհարկե, լիովին տեղավորվում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է նաեւ մեսիջներ հղել հանրության արմատական տրամադրված, նախկին համակարգի հանդեպ կոշտ քայլեր պահանջող շերտերին: Սակայն մյուս կողմից արվում են բավականին կոնկրետ հայտարարություններ, եւ գործնականում առաջին անգամ նշվում է շատ կոնկրետ հասցե, որտեղ պետք է գնան հետ բերվող ռեսուրսները: Իսկ սա արդեն նշանակում է, որ բանը ամենեւին լոկ նախընտրական տրամադրությունը չէ, եւ գործ ունենք որոշակի այլ առարկայություններ պարունակող իրողությունների հետ:

Եվ այդ իմաստով նաեւ հատկանշական է, որ այդ առարկայացումը տեղի է ունենում խորհրդարանի ընտրությանը զուգընթաց, բավականին թափանցիկ տողատակով, որ ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է նախկին իշխանության շրջանակների համար շատ ավելի բարձրացնել, այսպես ասած, սիրո եւ հանդուրժողության ռեժիմից օգտվելու նշաձողը:

Մյուս կողմից, սակայն, «վերադարձի» հասցեն բանակը դիտարկելով, Փաշինյանը նաեւ ցույց է տալիս, այսպես ասած, հասարակական ներման ճանապարհը, այն իմաստով, որ բանակի հասցեով վերադարձը ոչ միայն պրագմատիկ, այլ նաեւ բարոյա-քաղաքական առումով կարող է ավելի ծանրակշիռ փաստարկ լինել հանրային ներում ակնկալելու կամ ստանալու իմաստով, ինչի մասին էլ Փաշինյանը խոսել էր դեռեւս Երեւանի քաղաքապետի ընտրության իր հայտնի ելույթում: Եվ այս իմաստով, թերեւս, հետաքրքրական է սպասել, թե ո՞վ է լինելու յուրացրած ռեսուրսները բանակին առաջին «վերադարձնողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում