Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ձայների 59.52 տոկոսը: Այս մասին հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձաժողովը:
Մյուս թեկնածուն՝ Գրիգոլ Վաշաձեն՝ ստացել է ձայների 40.48 տոկոսը:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ավարտից հետո բոլոր 3705 ընտրական տեղամասերում ձայների հաշվարկից հետո պարզվել է, որ Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է 1 միլիոն 147 հազար 672 ընտրող, որը կազմում է 59.52 տոկոսը, իսկ Վաշաձեի օգտին քվեարկել է 780 հազար 633 ընտրող կամ 40.48 տոկոսը:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում էր Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում » կուսակցության (Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը) թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների 52.23 տոկոսը: