«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին նոյեմբերի 29-ին, ժամը 07:58-ին մազութով բարձված բեռնատար ավտոմեքենան (Իրանի Իսլամական Հանրապետության պետհամարանիշով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կա տուժած:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 11-րդ կմ-ին մազութով բեռնված (30տ) «MACK» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդը՝ Բեյզաթ Ախվեդիզադե, ծնված 1968 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ). առկա է մազութի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոցիստեռնից մազութի արտահոսքը դադարեցվել է քաղաքացիների ուժերով, իսկ վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: