«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Մանավազյանի թիմակիցների պնդմամբ, Արմավիրի մարզի Մրգաստան համայնքում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել. համայնքապետի տեղակալը դանակի սպառնալիքով փորձել է խափանել վերջիններիս քարոզարշավը:

Մասնավորապես, թիմի անդամ Մերի Վարդանյանը նշում է, որ համայնքապետարանի աշխատակիցները հարձակվել են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի ու նրա թիմի վրա.«Համայնքապետի տեղակալն անգամ հաշվի չի առել, որ մեր թեկնածուն կին է, ու նրա վրա դանակ է քաշել: Չէի պատկերացնում, որ մեր դաշինքի նկատմամբ նման վերաբերմունք կլինի»: 

Մրգաստանի համայնքապետ Ռաֆիկ Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց Արուսյակ Մանավազյանի թիմի հայտարարությունները, շեշտելով, որ իր տեղակալը կին է և նման բան անել չէր կարող:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չի եղել ու չի էլ կարող լինել, քանի որ ես ու մեր ողջ գյուղը հեղափոխության օրերին հրապարակում ենք լուսացրել ու շատ ենք հարգում Փաշինյանի թիմի անդամներին: Հենա, հիմա էլ մեր թեկնածուին ենք օգնում ինչով կարողանում ենք, ով կրկին պարոն Փաշինյանի թիմից է»,- ասաց Մրգաստանի համայնքապետը և հավելեց, որ ենթադրյալ միջադեպի ժամանակ նա համայնքում չի էլ եղել:

Համայնքապետն էլ իր հերթին է պնդում, որ դատարանի առաջ է կանգնեցնելու նման հայտարարություններ անող ու իրենց զրպարտողներին. «Այ ցավդ տանեմ, աչիկ ջան մենք նման բան անողը չենք, ինձ ճիշտ հասկացեք, ով ուզում է՝ գա մեր գյուղ, ու կտեսնի մեր վերաբերմունքը Փաշինյանի ու մյուսների հանդեպ: Մենք բոլոր կուսակցություններին էլ հարգում ենք ու սիրով ընդունում ենք նրանց, բոլորի մուտքն էստեղ ազատ է»:

Նշենք, որ միջադեպի վերաբերյալ  Արուսյակ Մանավազյանը ոստիկանությունում բանավոր հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մրգաստան գյուղի կենտրոնական հատվածում ոմն Գևորգ իր և իր թիմի անդամների հետ վիրավորական տոնով է խոսել, փորձել է սադրելով թիմին՝ անօրինական գործողությունների դրդել, և քարեր է նետել թիմի անդամների ուղղությամբ:

Ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում պարզել է Գևորգի ինքնությունն ու կանչել նրան բաժին՝ բացատրություն տալու:

Արմինե Միքայելյան