Կաշեգործների փողոցի թիվ 225 տան բնակիչներն ահազանգում են՝ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Պոլիպլաստ» գործարանը բարձր լարման օդային հոսանքալարեր է անցկացրել իրենց տան վրայով՝ ինչն, ըստ բնակչի, վտանգավոր է իրենց կյանքի համար։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչն իր անհանգստությունն արտահայտեց՝ նշելով, որ ամեն օր ապրում են վախի մթնոլորտում, ուստի պահանջում է՝ լարերը տեղափոխել իր տան վերևից, որպեսզի իմանա՝ գիշերը քնի, առավոտյան կարթնանա․ «Խաչատուր Սուքիասյանի անտարբերության պատճառով վտանգված է մի ամբողջ ընտանիքի կյանք։ Մեր տան վրայով 3 մետր բարձրությամբ օդային լարեր են անցկացրել դեռևս 1987թ․, այնինչ տունը կառուցվել է 1960թ․։ Մենք ունենք բոլոր փաստաթղթերը, որոնք փաստում են, որ մեր ընտանիքն այդ ժամանակներից այնտեղ է գրանցված։ Ես ունեմ 3 հանձնաժողովի, ԱԻն ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ օդային լարերի հենասյուները վթարային վիճակում են և ամեն պահի հնարավոր է՝ շուռ գան մեզ վրա։ Իրենք «պաստանցիայից» ոչ օրինական հիմունքներով, որպես գործարանի սեփականատեր, լարեր են անցկացրել՝ առանց հաշվի առնելու՝ կվնասի մարդկանց, թե ոչ»,- ասաց մտահոգ բնակիչը։
Բնակիչը պնդում է՝ չեն կարողանում անգամ սեփականացնել իրենց տունը, քանի որ քաղաքապետարանը մերժում է հենց այդ՝ բարձր լարման օդային հոսանքալարերի պատճառով։ Նա վստահեցնում է՝ շինության փոփոխության չի ենթարկվել և որևէ հարկ չեն ավելացրել։
«Երկար տարիներ այս հարցը բարձրացրել ենք բարձր ատյաններում։ Թեև առաջին ատյանն ի օգուտ մեզ վճիռ կայացրեց, սակայն մյուսները որոշումը բեկանեցին՝ դատական համակարգի կոռումպացված լինելու պատճառով»,- նշում է բնակիչը՝ ընգծելով, որ հարցով դիմել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստացանք նաև մյուս կողմից։ Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Պոլիպլաստ»-ի կողմից որևէ օրենքի խախտում երբևիցե չի եղել․ «Էլեկտրական լարերը քաշվել են 1986թ․ և որևէ լար գործարանի կողմից չի քաշվել։ Մեզ մոտ է սովետական տարիների հատակագիծը, որտեղ հստակ երևում է, որ այդ տարիներին այնտեղ ոչ մի բնակելի տուն չի եղել, իսկ այդ տարածքում ապրող բնակիչները ապօրինի են կառուցել իրենց շենքերը և մինչև հիմա չունեն սեփականության վկայական։ Գործարանը կառուցվել է, իսկ լարերը տարվել են այդ տեղով՝ Սովետական միության նախագծով»,- ընդգծեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը։
Սոնա Հարությունյան