Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:02-ից վերսկսվել են Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու գնացած և կորած քաղաքացու որոնման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել:
Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, որը նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):
Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որն անհետ կորած Ն. Բ.-ի (1955 թ.) որդու հավաստմամբ` պատկանում է հորը:
Փրկարարները ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ջրանցքի ջրի մակարդակն իջեցվել է: