shammshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Նոր Գեղի գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր իսկ կողմից ընդունած որոշումը, որով Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Վարդան Պապյանին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջ գյուղը մի մարդու նման կանգնել, պահանջում է Պապյանի հրաժարականը, իսկ մարզպետ երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ, չի ցանկանում գյուղացիների խոսքը լսել։ Իսկ մենք միայն պահանջում ենք, որպեսզի Վ. Պապյանը ազատվի աշխատանքից և մինչև նոր գյուղապետի ընտրությունները, գյուղապետի պաշտոնակատար նշանակվի գյուղում հարգանք վայելող գյուղապետի տեղակալ Վանիկ Մնացականյանը։ Օրեր առաջ էլ՝ ի նշան բողոքի, բարձրացրեցինք այդ խնդիրը, և այդ ժամանակ մարզպետը խոստացավ, որ գյուղացիների սրտով է լինելու, բայց ստացվեց, որ մարզպետը հայտնի ֆիլմի Զիմզիմովի նման մեզ խաբում է։ Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ու մարզպետը պետք է ի վերջո իմանա ժողովրդական հայտնի խոսքը, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Իսկ իրա նշանակած գյուղապետի պաշտոնակատարը ավելի շատ քոթուկ է, քան գերան։ Երեկ էլ իրա ու իրա թայֆայի կողմից գյուղում դանակահարության դեպք է տեղի ունեցել, և 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նա, որ դեռ գյուղապետ չի, իր թայֆով հարբած վիճակում դանակ է հանում մեր դեմ, վաղը գյուղապետ դառավ, ասա՝ մեր տան լույսերն անջատենք ու քոչենք գյուղից։ Դա՞ է մարզպետի ուզածը, եթե դա է, ապա հաստատ մարզպետին ու իր թեկնածուին երազախաբություն է սպասվում»։
Ավագ սերնդի մեծ թվով գյուղացիներ էլ ասում էին. «Նախկին գյուղապետը՝ Ֆրոնտիկ Թևոսյանը, գյուղում խաղաղության աղավնու դեր էր տանում։ Ոչ մի անգամ նրա պաշտոնավարման ընթացքում գյուղում վեճ-վիճաբանություններ տեղի չէին ունենում։ Դրա համար էլ իրան կես կատակ-կես լուրջ ասում էին Նոյի խաղաղության աղավնի։ Իսկ էս թազին՝ Վ. Պապյանին, որ մարզպետն է նշանակել, ոնց որ Նոյի ագռավը լինի։ Դե հիմի հաշիվներդ առեք՝ աղավնի՞ն է լավը, թե՞ ագռավը։ Մեզ ձեռ է տալիս աղավնին, ինչքան էլ ասեն՝ ագռավը 100 տարուց ավելի է ապրում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: