«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին:
Հիմա շատ ավելի կարեւոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն նվազել, այլեւ, ընդհակառակը, բազմապատկվել են' հաշվի առնելով այն տխուր ժառանգությունը, որ Փաշինյանի իշխանությունը ստացել է նախորդից:
Այդ մարտահրավերների մասին շատ-շատ է խոսվել: Այնպես որ, այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ստացած ավելի քան 70 տոկոս քվեն իրականում պատասխանատվության շատ լուրջ բեռ է իշխանության վրա: Եվ իշխանությունն այսօրվանից պետք է ամեն ինչ անի, որպեսզի արդարացնի հասարակության ակնկալիքները: Այլապես, հիասթափության ալիքն իրեն երկար սպասեցնել չի տա:
Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, ըստ այդմ՝ դեռեւս չի կազմավորվել օրենսդիր ու գործադիր իշխանությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում սպասվելիք կառավարության կառուցվածքային փոփոխություններից: Մասնավորապես, քննարկվում է առաջիկայում ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության, նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միացնելու հնարավորությունը: Իսկ նորաստեղծ այդ նախարարությունը ղեկավարելու է ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախարարությունների թվի կրճատման մասին նոյեմբերի 20-ի իր ասուլիսում խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ապագա ղեկավար կազմը կունենա հետեւյալ տեսքը՝ խորհրդարանի խոսնակ է դառնալու Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներ կլինեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ թե ո՞վ կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, դեռ վերջնական որոշված չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում