Երևանի նորանշանակ թաղապետերը կարծես թե լծվել են աշխատանքի: Իհարկե, սպասվում էր, որ այդ աշխատանքն առաջին հերթին կվերաբերվի համայնքների զարգացման ծրագրերի մշակմանը, բարեկարգման աշխատանքներին, բայց արի ու տես, որ՝ ոչ: Երևանի նորանշանակ թաղապետերը տքնաջան աշխատանքով աչքի ընկնելու փոխարեն՝ մեկը մյուսի հետևից հայտնվում են սկանդալների կիզակետում:
Ավանի նորաթուխ թաղապետի՝ Արա Դանիելյանի երեկվա նշանակումը, մեղմ ասած, զարմանքով ընդունվեց հանրության կողմից, այն պարզ պատճառով, որ պտտվող լուրերի համաձայն՝ վերջինս կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից և քաղաքական մենեջմենթից. նա, ուշադրություն՝ «խադավիկ» է: Ինչևէ, մնում է հուսալ, որ նրան կհաջողվի «դզել-փչել» Ավան վարչական համայնքը և «ունքը շինելու փոխարեն աչքն էլ չհանել», քանի որ «խադավիկից» մինչև «փինաչի»՝ մեկ քայլ է:
Մեկ այլ աղմկահարույց պատմության մեջ էր հայտնվել նաև Արաբկիրի թաղապետը: Վերջերս էլ համացանցում հայտնվել էր Արաբկիրի նոր թաղապետ Արամ Դանիելյանի և ոմն երիտասադի մասնակցությամբ տեսանյութ՝ պոռնո-էրոտիկ տեսարանով: Այն արժանացավ քննադատությունների, բայց չպարզաբանվեց հավուր պատշաճի ու «ջրվեց», գնաց՝ տեսանյութը որոշ կայքերից հեռացնելով:
Հայկ Մարությանի նշանակած կադրերը մեկը մյուսի հետևից ապացուցում են՝ իրավիճակը չի փոխվել, իսկ եթե փոխվել է, ապա միայն այդ կադրերի համար.Երևանցիների կյանքում որևէ որակական փոփոխություն չի նկատվում: