Հունվարից Արցախի հարցով բանակցությունները կմտնեն ակտիվ փուլ: Ընտրություններից հետո Փաշինյանին այլևս չի հաջողվի ժամանակ ձգել և նա ստիպված է լինելու նստել բանակցությունների սեղանի շուրջ: Փորձենք հասկանալ, թե ինչպիսի մեկնարկային դիրքերից է նոր Հայաստանի ղեկավարը սկսելու Ադրբեջանի նախագահի հետ՝ խնդրի կարգավորմանն ուղղված հանդիպումների շարքը: Այս ընթացքում հնչեցին տարաբնույթ հայտարարություններ, մեկնաբանություններ, որոնք թույլ են տալիս գնահատել իրերի ընդհանուր վիճակը՝ բանակցությունների մեկնարկից մեկ ամիս առաջ: Նախևառաջ պետք է նշել Ջոն Բոլթոնի՝ Երևանում արված ակնարկը, որ ընտրություններից հետո Փաշինյանը պետք է առաջնորդող քայլ կատարի:
 
Դրան էլ պետք է գումարել համանախագահների հայտարարությունը, որ համակարտող կողմերը պետք է սկսեն սեփական ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման գործընթացը: Բացի այդ, վերջին շրջանում նաև Երևանից հնչեցին տարաբնույթ մեկնաբանություններ, որոնք, մեղմ ասած՝ ոչ միանշանակ ընդունվեցին հանրության կողմից:Խոսքը պաշտոնական մի շարք հայտարարությունների մասին է, որոնք փորձեցին ներկայացնել իբրև վրիպում, սակայն որոշ շրջանակների կողմից էլ համարվեցին ընդգծված քաղաքական գիծ՝ նոր իշխանությունների կողմից, որի նպատակը Արցախյան պատերազմում տարած հաղթանակն արժեզրկելն է՝ տարածքային զիջումները ավելի հեշտ անցկացնելու նպատակով:
 
Ուշագրավն այն է, որ բանակցությունների վերսկսման փուլը համընկավ Արցախում տեղի ունեցող զարգացումներով: Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ լուրջ փոփոխություններ են սպասվում Արցախի պաշտպանության բանակում: Մասնավորապես, այսօր տեղեկատվություն տարածվեց, որ պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, իսկ նրա փոխարեն՝ Բակո Սահակյանի հրամանագրով՝ նշանակվել է Կարեն Աբրահամյանը: Թե ինչով են դրանք պայմանավորված՝ դժվար է ասել: Կան կարծիքներ, որ հեղափոխությունը հասել է Արցախ, և Բակո Սահակյանը ստիպված է գնալ նման փոփոխությունների: Որոշ փորձագետներ էլ պնդում են, որ կադրային նման 

տեղաշարժը պայմանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձակա շրջանակներին մեկուսացնելու՝ Հայաստանի իշխանությունների ցանկությամբ: Սակայն չի բացառվում, որ կադրային փոփոխություններն ուղղակիորեն պայմանավորված լինեն հենց արցախյան հակամարտության կարգավորման ակտիվ փուլի մեկնարկով: Փաշինյանն այժմ պետք է գործնական քայլեր կատարի, գուցե՝ ցավոտ քայլեր: Ըստ այդմ՝ նա ցանկանում է ապահովել թիկունքը:
 
Մի բան ակնհայտ է՝ ուժային կենտրոնների կողմից Փաշինյանին տրված ժամանակը սպառվել է, հունվարին նոր, գուցե և անսպասելի զարգացումների ականատես կլինենք:
 
Ս.Խաչատրյան