Հավանաբար առաջիկայում ՀՀ Կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետևանքով աստիճանաբար կբարձրանան նաև բանկերի կողմից բիզնեսին և բնակչությանը տրվող վարկերի տոկոսները: Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղորդագրության մեջ: Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փորձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխուժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը: Նման պայմաններում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ:

 

Հետաքրքիրն այն է, որ բանկային համակարգը համարվում է Հայաստանի տնտեսական դաշտի ամենակայացած եւ կուռ համակարգը: Գոյություն ունի Բանկերի միություն, հետեւաբար՝ նաեւ խաղի ընդունված կանոններ, սակայն դեմպինգի դեմ ոչինչ չեն կարողանում անել։ Հայաստանում գործող բանկերի վաշխառուական ախորժակը սահմաններ չի ճանաչում: Աստղաբաշխական տոկոսները, որով փող են տալիս կամ ֆինանսավորում որևէ գործարք, արդեն իսկ խոսում է այն մասին, որ տնտեսությանն աջակցելու, երկրի զարգացմանը նպաստելու փոխարեն, այդ հաստատությունները պարզապես տզրուկների կյանք են վարում: Հայաստանի ֆինանսական հաստատությունների մեղքն այդ հարցում գերագնահատել պետք չէ, քանի որ դրանք ընդամենն օգտվում են այն հնարավորություններից, որոնք տրված են իրավական դաշտի կողմից: Իսկ իրավական դաշտը` վարկավորման բնագավառում, հեռու է կատարյալ լինելուց: Փաստորեն, Ջավադյանի ղեկավարած կառույցն էլ ավելի հարմարավետ պայմաններ է ստեղծում բանկային համակարգի համար:

Ստելլա Խաչատրյան