Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը մի քանի երիտասարդ, նախնական տվյալով, երկաթյա լինգով բացել են Աբովյան փողոցում գտնվող խանութի դռները ու մտել ներս․ հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Գողացված ապրանքը՝ ժամացույցներ, թեւնոցներ, բջջային հեռախոսների պատյաններ, կոշիկներ ու հագուստ՝ ընդհանուր 10 միլիոն դրամ արժողությամբ, խանութից հանել ու դալանով տարել են Աբովյան 21/60 շենքի ետնամաս։ Խանութի անվտանգության ազդանշանային համակարգը միացել է, տնօրենը ահազանգել է ոստիկանություն։
Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդները, թողնելով խանութից հափշտակված իրերը, փախել են տարբեր ուղղություններով։ Նրանցից մեկին՝ Թաթուլ Մանուկյանին, ոստիկանները բռնել են Բայրոնի փողոցում ու բերման ենթարկել բաժին։
Արտաշատի բնակիչ 20-ամյա Թ․ Մանուկյանը նախ որպես կասկածյալ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոցը՝ կալանք։ Աբովյան 21/60 շենքի ետնամասում իրավապահները հայտնաբերեցին խանութից հափշտակված իրերը։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։