ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 15-ին, ժամը 23:42-ին ահազանգ է ստացել, որ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած, և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրակնացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Mercedes SL500» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Խ., 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող սյանը, ինչի հետևանքով սյան վրա գտնվող արտաքին լուսավորության լուսատուները ընկել և կոտրվել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: